Ոսկյա շղթա առևանգած երիտասարդը բերման ենթարկելու փորձի ժամանակ հարվածել է ոստիկանի գլխին ու փախել, բայց ավելի ուշ բռնվել է

16:46 • 27.08.12

Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից:


Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:


Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: