Ռուսաստանաբնակ հայ բանկիրը հայտնվել է կիպրոսյան աուդիտորների ուշադրության կենտրոնում
Ռուսաստանաբնակ հայ գործարար, ռուսական «Յունիաստրում» բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը հայտնվել է կիպրոսյան Bank of Cyprus բանկի աուդիտորների ուշադրության կենտրոնում:
«Յունիաստրում բանկ»-ի ձեռքբերումից 4 տարի անց Bank of Cyprus-ը տասնյակ միլիոնավոր եվրոյի խնդրահարույց ակտիվներ է հայտնաբերել այնտեղ և առաջարկում է դիտարկել բանկի նախագահի (2008-ից Զաքարյանն է) համապատասխանության հարցը իր զբաղեցրած պաշտոնին: «Յունիաստրում»-ի ղեկավարությունը «զարմացած է», քանի որ այդ մասին Կիպրոսի բանկին զգուշացվել է դեռևս նախքան գործարքը, հայտնում է Ведомости-ն:
Խնդրահարույց ակտիվների թվում են 2008-ին սննկացած Marta Group-ի 16,2 մլն դոլարի վարկը, և 18 մլն եվրոյի վարկը Экоинвест-ին:
Վերջինս պատկանում է Գրիգորի Սրապյանին: Նա հանդիսանում է նաև Ю-пропертис ընկերության գլխավոր տնօրենը, որի համասեփականատերերն են «Յունիաստրում»-ի բաժնետերեր Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: Ըստ աուդիտորի՝ Экоинвест-ը վերահսկել են «Յունիաստրումի» վարչության անդամները:
«Յունիաստրումից» ստացած միջոցների մի մասը Экоинвест-ը ներդրել է Պյատիգորսկի առևտրի կենտրոնում մասնաբաժին ունեցող Гранд сити բաց բաժնետրիական ընկերությունում: Պյատիգորսկում շինությունը կիսատ է մնացել, իսկ շինարարությունն ավարտին հասցնելու համար 22 մլն եվրո գումար է հարկավոր:
Ինքը` Զաքարյանը հայտնել է Ведомости-ին, որ հրապարակված տվյալները անճշտություններ են պարունակում: «Յունիաստրում բանկ»-ում չկան կորպորատիվ վարկեր, որոնք կապված են բանկի տերերի կամ ղեկավարության հետ: Չեն եղել նաև առանձնահատուկ կամ օրենսդրությանը չհամապատասխանող վարկային գործարքներ»,- ասել է Զաքարյանը:
Նշենք, որ Գագիկ Զաքարյանը հանդիսանում է հայկական «Յունիբանկի» խորհրդի նախագահը և հիմնական բաժնետերերից մեկը: Մասնավորապես, նրան է պատկանում բանկի 12,285 տոկոս բաժնեմասը ուղղակիորեն, ինչպես նաև 37,715%-ը` անուղղակի կերպով. Գ. Զաքարյանը «Յունիբանկի» 75,43% բաժնեմասի սեփականատեր հանդիսացող Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ ընկերության 50%-ի բաժնետերն է, որի մնացած 50%-ի սեփականատերն էլ նրա գործընկեր Գեորգի Պիսկովինն է, որն, ի դեպ, ուղղակի ձևով տիրապետում է «Յունիբանկի» մնացած 12,285% բաժնեմասին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Գ. Զաքարյանը և Գ. Պիսկովը հանդիսանում են «Յունիբանկի» հավասար` 50-ական % բաժնեմասի սեփականատերեր: Գ. Զաքարյանը «Յունիաստրում» բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց բացի, հանդիսանում է «Յունիստրիմ» ընկերության (փոխանցումային համակարգ է - Tert.am) տնօրենների խորհրդի նախագահը:










