«Հարսնաքարի» գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ կոպտագույն խախտումներով. փաստաբաններ
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանը, ով վստահեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանը որպես կասկածյալ պետք է ընդգրկվի գործում: Մինչդեռ, այս և 20-ից ավելի նման միջնորդություններն, ըստ փաստաբանի, անհիմն ձևով մերժվել են:
«Քրեական գործի նյութերում առկա են փաստեր, որոնք ցույց են տալիս, որ վեց մեղադրյալներից հինգը, բացի մատուցողից, այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին՝ Երևանից Սևան գնալու և վերադառնալու ճանապարհին: Սա ապացուցում է, որ հակառակ գործում առկա կեղծ պայմանագրերի և ՀՀ ոստիկանության Հատուկ կարևորության գործերի քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանի պնդումների՝ այս մարդիկ եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամները: Ուստի, այս կապակցությամբ քննչական խմբին միջնորդել էինք որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին և պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ նրա և քննիչ Մկրտչյանի հարցաքննությունը, ավելի շատ մտերմիկ զրույց է հիշեցնում»,- ասաց Տիգրան Եգորյանը և ավելացրեց, որ ի պատասխան իրենց միջնորդության՝ քննիչը նշել է, որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում:
Փաստաբան Լուսինե Հակոբյանն ավելացրեց, որ բացի այդ, եղել են հեռախոսազրույցներ Ռուբեն Հայրապետյանի և թիկնապահ Նորայր Հայրապետյանի միջև, ինչի վերծանումը թերի է կատարվել. «Թիկնապահներն առանց իրենց տիրոջ իմացության որևէ քայլ չեն կարող կատարել»:
Նա, նկատեց՝ Ռուբեն Հայրապետյանը նաև ունեցել է «ԱրմենՏել»-ի հեռախոսահամար, որով կատարված խոսակցությունները վերծանված չեն:
Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ գործի նյութում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը սխալ է. «Երևում է, որ տրվել է ակնհայտ սխալ հետևություն, թե Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացրել նրա կյանքի համար, տվյալ դեպքում՝ հանգեցրել է մահվան»:
Եգորյանը փոխանցեց, որ չհամաձայնելով այս հետևության հետ, իրենք պահանջել են նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե «տվյալ դեպքում գործ ունեն մահվան հանգեցրած վնասվածքների՞, թե՞ ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ»:
Ասուլիսի ավարտին փաստաբանները նշեցին, որ ՀՀ իրավապահ մարմինների ՝ դատախազության և ոստիկանության կողմից քողարկման ակնհայտ միտում տեսնելով, իրենք զգուշացնում են, որ մինչև վերջ պայքարելու են գործը բացահայտելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանն ու իր ընկերները ծեծի էին ենթարկվել անվտանգության աշխատակիցների կողմից: 35-ամյա Ավետյանը գլխուղեղային վնասվածք էր ստացել, ենթարկվել երկու վիրահատության, սակայն նրա կյանքն այդպես էլ չհաջողվեց փրկել։










