ԱՄՆ-ում կանցկացվի «Հայերը և գիրքը» խորագրով գիտաժողով
Միացյալ Նահանգներում` Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ԱՀԳԹ), սեպտեմբերի 15-ին կանցկացվի «Հայերը և գիրքը» խորագրով մեկօրյա գիտաժողով, հայտնում է Armenian Mirror Spectator-ը:
Գիտաժողովի համակազմակերպիչներն են Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնը, Ամերիկայի հայկական գրադարանը և թանգարանը, Հայկական մշակութային հիմնադրամն ու Հայագիտական ուսումնասիրությունների ազգային ընկերակցությունը:
Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես կգան մի շարք գիտնականներ՝ հիմնականում հայազգի՝ ի դեմս Սեպուհ Ասլանյանի, Մարկ Ա. Մամիկոնյանի, Քրիստինա Մարանչիի, Բարբարա Մերգերյանի, Սայմոն Բայասլյանի և Ջեյմս Ռ. Ռասելի: Գիտաժողովի մուտքն ազատ է:
Այն անցկացվում է «Հայերը և գիրքը» ցուցահանդեսի բացման առնչությամբ: Ցուցահանդեսին ներկայացված են նմուշներ ինչպես մասնավոր հավաքածուներից ու նշված կառույցների կողմից, այնպես էլ Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի ֆոնդերից: Վերջինս համարվում է ամենաընդգրկունը Հյուսիսային Ամերիկայում:
Զուգահեռ ԱՀԳԹ-ն իր ցուցասրահի երկրորդ հարկում անց է կացնում «Փառապանծ տիրույթ. Հայկական գրատպության 500 տարին՝ ԱԳՀԹ-ի հավաքածուից» խորագրով ցուցահանդեսը:










