Դժբախտաբար, որոշ լրատվամիջոցներ ճշգրիտ չեն ներկայացնում Սիրիայի հայության իրավիճակը. Արամ Ա կաթողիկոս

11:24 • 28.08.12

Այն դժվարությունները, որում այսօր հայտնվել է սիրիահայությունը, պայմանավորված այդ երկրում շարունակվող ռազմական գործողություններով, շարունակում են առաջնահերթ տեղ գրավել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի և Լիբանանի Ազգային Կենտրոնական վարչության աշխատանքներում:


Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունից, Վեհափառը մշտական կապի մեջ է Սիրիայի հայոց հոգևոր ու համայնքային պատասխանատուների հետ: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով սիրիահայությանն ուղղած իր հայրապետական պատգամի մեջ, Վեհափառը կոչ է արել անմիջական օգնություն ցույց տալ Սիրիայի հայությանը՝ շեշտելով. «Սիրիայի հայ գաղութը պատմական գաղութ է, կազմակերպված ու աշխույժ գաղութ է, որը հատուկ կարևորություն ունի թե՛ Հայաստանի, թե Սփյուռքի, թե՛ մեր պահանջատիրության համար: Հետևաբար, նրա կազմակերպված լինելն ու կենսունակության պահպանումը համահայկական խնդիր է»:

 

Վեհափառը հայոց հոգևոր թեմերին ուղղած իր նամակում հորդորել է նրանց անմիջապես լծվել Սիրիայի հայության օգնության գործին: Վեհափառը շեշտել է, որ «այս տագնապալից իրավիճակներին հարկ է դիմագրավել համահայկական ճիգերով»:

 

Վեհափառը, կարևորելով սիրիահայությանն օժանդակելու անհետաձգելի հրամայականը, նաև որպեսզի կարողանա մոտիկից հետևել սիրիահայության ուղղությամբ տարվող աշխատանքներին, հետաձգել է առաջիկայում՝ հոկտեմբերին, նախատեսված իր հովվապետական այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմ:


Օգոստոսի 26-ին կայացած Լիբանանի Ազգային Կենտրոնական վարչության ժողովի ժամանակ դարձյալ, մանրամասնորեն, քննարկվել է սիրիահայության ներկա կացությունը: Վեհափառը ողջունել է համայնքի հոգևոր ու աշխարհիկ պատասխանատուների նվիրյալ աշխատանքը, ինչպես նաև, մեր ժողովրդի խոր հավատքն ու ամուր վճռականությունը՝ կառչած մնալու իր կառույցներին ու սիրիական հայրենիքին:

 

«Դժբախտաբար, որոշ լրատվամիջոցներ և կրոնական ու քաղաքական որոշ շրջանակներ՝ հայ թե օտար, միակողմանի և ոչ ճշգրիտ կերպով ներկայացնում են Սիրիայի հայության իրավիճակը, և հատկապես, իրավիճակի հանդեպ համայնքի մոտեցումները: Ենթադրությունների վրա հիմնված վերլուծություններն ու վերագրումները սխալ տպավորություններ են ստեղծում Սիրիայի հայ համայնքին հանդեպ»,- ընդգծել է Վեհափառը:

 

Ապա հավելել. «Հարկ է արթուն լինել, զգոն և զգույշ. այս կացության մեջ պետք չէ անտեսել նաև թուրքական գործոնը»:

 

Շարունակելով իր խոսքը, Վեհափառը հիշեցրել է.«Սիրիայի հայությունը տերն է իր ճակատագրի: Այն անբաժան մասն է սիրիական հայրենիքի, ջերմորեն հավատացողն է քրիստոնեություն-իսլամ համակեցության: Սիրիահայությունն ամուր կապված կմնա Սիրիայի ընդհանրական ու գերագույն շահերին և կմերժի որևէ արտաքին ճնշում, որ կփորձի հարցականի տակ առնել իր կապվածությունը Սիրիային ու իր ազնիվ ժողովուրդին, որոնց հանդեպ հայ ժողովրդը կմնա երախտապարտ՝ երբե՛ք չմոռնալով եղբայրական այն ոգին, որ ցույց տրվեց մեր ժողովուրդի նկատմամբ թրքական ջարդերից հետո»:


Վեհափառը միաժամանակ հիշեցրել է. «Հայ ժողովուրդի զավակները ո՛ւր էլ որ լինեն, միշտ կմնան արդարության, խաղաղության, ազատության, ինչպես նաև, կրոնների, մշակույթների ու ազգերի խաղաղ գոյակցության ջատագովը»: