Բեռլուսկոնիի աջակիցներն ու հակառակորդները «բախվել» են օդում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի` մեծ քաղաքականություն վերադառնալու մասին վերջերս արված հայտարարությունը բավական հակասական արձագանք է ունեցել իտալացիների շրջանում:
Մի մասն այս լուրը ոգևորությամբ է ընդունել, մյուսն էլ` ոչ այդքան: Դրա վառ ապացույցն է այն միջադեպը, որը տեղի է ունեցել Ադրիատիկ ծովի ափին գտնվող Ռիվեյրա քաղաքում, գրում է Euromag-ը:
Իտալացի սենատոր Մարիո Մանտովանին օդանավ է վարձել և, դրան կցելով «Սի'լվիո, վերադարձի'ր» գրությամբ մի մեծ պաստառ, թռչել Ռիվեյրայի երկնքով: Սակայն Բեռլուսկոնիի հակառակորդների պատասխանն իրեն սպասեցնել չի տվել. նույն տեղով անցել է մեկ այլ ինքնաթիռ` «Սի'լվիո, մի' վերադարձիր, շնորհակալություն» գրությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը` 75-ամյա Բեռլուսկոնին իր կուսակցության հավաքներից մեկի ժամանակ ցանկություն էր հայտնել մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին` խոստանալով ընտրվելու դեպքում դուրս բերել երկիրը տնտեսական ճգնաժամից:










