Գյումրիում հնչած կրակոցների մասին «կողմերն» իմացել են առավոտյան մամուլից

10:41 • 28.08.12

Երեկ Գյումրիում կրակոցներով ուղեկցված միջադեպի մասին Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբը տեղեկացել է այսօրվա մամուլից:


«Այս պահին որևէ այլ տեղեկատվության չենք տիրապետում, ավելի ճիշտ կլինի սպասել ոստիկանության հաղորդագրություններին»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:


Հիշեցնենք, որ ինչպես հաղորդում է այսօրվա «Հայկական ժամանակը»՝ Գյումրիում երեկ կրակոցներ են հնչել քաղաքի ծայրամասային «Գծի հետև» կոչվող թաղամասում մի խումբ երիտասարդների կողմից:


Դեպքը , ըստ տարածված լուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, այլև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին:


Ի պատասխան հարցի, թե այսինքն՝ «Սամվել Բալասանյանը երեկ հանդիպում չի ունեցել և դեպքի վայրում չի՞ եղել», Զոհրաբ Եգանյանը պատասխանեց. «Դեպքը նախընտրական հանդիպումից հետո՞ է եղել, առա՞ջ է եղել, կրկնում եմ՝ մենք էդ վեճի մասին ընդհանրապես տեղեկություն չունենք: Առհասարակ, դեպքից տեղյակ չենք՝ ով կարող էր լինել, ինչ լինել, թեպետ նյութում անուններ չեն նշվում»:


Tert.am –ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միջադեպի կապակցությամբ հայտնեց, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու «բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ վիճաբանություն են հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաև կրակոցներ են հնչել»:


Ձեռնարկվում են միջոցառումներ հասարակական կարգը խախտողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


Աշոտ Ահարոնյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել էր, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:


Tert.am-ը կապվեց նաև Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանի հետ, որը խոստացավ աշխատավայր հասնելուն պես հանդես գալ տեղեկատվությամբ, սակայն այդ պահին Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ կարդալով կատարված մասին ապշել է, որ նման բան կարող են գրել: