Գյումրիում հայտնաբերվել է 2 պարկուճ և բերման ենթարկվել մեքենաներ. Ոստիկանություն

20:10 • 28.08.12

Այսօր Գյումրիում ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել է քննչական աշխատանքներ և հայտնաբերել կրակված երկու փամփուշտ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:


«Գյումրիում հնչած կրակոցների մասով հարուցվել է քրեական գործ, և գործի շրջանակներում իրականացվել են քննչական աշխատանքներ, որի արդյունքում հայտնաբերվել է երկու պարկուճ: Նախաքննությունը շարունակվում է, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, առաջիկայում կտրամադրվի»,- ասաց Արմեն Մալխասյանը:


Հարցին, ճի՞շտ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ քննչական գործողությունների արդյունքում ավտոմեքենաներ են բերման ենթարկվել, Արմեն Մալխասյանն ասաց այո:


Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Գյումրիում տեղի էր ունեցել միջադեպ, և ըստ Ոստիկանության տրամադրած տեղեկության, մի խումբ անձանց կողմից տեղի էր ունեցել հասարակական կարգի խախտում: Գյումրիի սրճարաններից մեկի դիմաց մի խումբ անձինք կռիվ են հրահրել, այնուհետև հնչել են կրակոցներ: Ըստ մամուլի որոշ հրապարակումների, նշված միջադեպի մասնակից է նաև Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին: