ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի այցելի Իրանի միջուկային օբյեկտներ

10:02 • 28.08.12

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն օգոստոսի 29-ին կայցելի Թեհրան` Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով, սակայն նա չի այցելի ուրանի հարստացման իրանական գործարաններ կամ այլ միջուկային օբյեկտներ:  Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

 Օրեր առաջ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե ՄԱԿ-ի ղեկավարն Իրան այցի ընթացքում կլինի նաև միջուկային օբյեկտներում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բան Կի Մունը կողջունի, եթե իրանական միջուկային օբյեկտներին հասանելիություն տրվի Միջուկային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձանց:

 

 

Սա Բան Կի Մունի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին այցն է Իրան: