Իսրայելի օդուժը դարձյալ հարվածել է Գազայի հատվածին

08:43 • 28.08.12

Իսրայելական օդուժը մի քանի հարված է հասցրել Գազայի հատվածի որոշ օբյեկտներին` ի պատասխան Իսրայելի դեմ իրականացված հրթիռային հարձակման, գրում է Jerusalem Post-ը:
 

Իսրայելական բանակի հասցրած օդային հարվածի թիրախ են դարձել պաղեստինյան երկու օբյեկտներ, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության տվյալների, ծառայում են որպես զենքի պահեստներ:
 

Իսրայելական կողմի տվյալներով` իրենց ինքնաթիռներին հաջողվել է հարվածել թիրախներին և վերադառնալ:
 

ՀԱՄԱՍ շարժումն իր հերթին հայտարարել է, որ ռմբակոծության են ենթարկվել անվտանգության ծառայությանը պատկանող երկու զինապահեստներ:


Այդ ընթացքում, ըստ պաղեստինյան կողմի, վիրավորվել են երկու կանայք:


Երկու օր առաջ Գազայի հատվածից Իսրայելի վրա 7 հրթիռ էր արձակվել, սակայն որևէ բնակիչ չէր տուժել: