Ռուսաստանցի քննիչներն արդարացրել են Մադոննային
ՌԴ Քննչական հանձնաժողովը հանցակազմ չի հայտնաբերել Սանկտ Պետերբուրգում կայացած Մադոննայի համերգի ժամանակ և քաղաքացիների դիմումները վերահասցեագրել է Պետերբուրգի դատախազություն, հայտնում է Вести-ն:
Մադոննան ի պաշտպանություն իր համերգների հանդես եկել էր հետևյալ հայտարարությամբ. «Իմ շոուները ճամփորդություն են՝ խավարից դեպի լույս, քաոսից դեպի կարգուկանոն… Շոուի սկզբում ես շատ բռնություն եմ ցուցադրում, երբեմն՝ բուտաֆորիական զենք, սակայն ես բռնություն չեմ քարոզում: Իմ դեպքում այդ ամենը ստին, եկեղեցու կեղծավորությանը, հասարակության անհանդուրժողականությանը վերջ տալու ցանկություն է»:
Սկանդալային համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում Մադոննան օգոստոսի 9-ին ելույթ էր ունեցել նաև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ կոչ էր արել ներկաներին հանդուրժող լինել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ և աջակցություն էր հայտնել Pussy Riot պանկ- ռոք խմբի անդամներին, որոնք հետագայում դատապարտվեցին 2-ական տարվա ազատազրկման Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար: Համերգից հետո, երգչուհու դեմ 140 դիմում էր ուղղվել իրավապահներին:










