ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ

18:40 • 28.08.12

 

Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:

 

Հանդիպման առանցքում էին Հայաստան ժամանած սիրիահայերի, և հատկապես` երեխաների հիմնահարցերը: Նախարարի ներկայացմամբ սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գտնվում են ՀՀ կառավարության անընդմեջ հսկողության և ուշադրության ներքո:

 

Նախարարը խոսել է արդեն իսկ իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունների և աջակցության մասին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը հիմնադրամի անունից գործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել, հատկապես, սիրիահայ երեխաների հետ տարվող աշխատանքներում:

 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է սիրիահայերի կրթական, առողջապահական, սոցիալական հիմնախնդիրների մի ողջ շարք, քննարկվել է հնարավոր գործակցության եզրերի լայն շրջանակ:



Հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարի հետ հանդիպման և զրույցի արդյունքում ստացված տեղեկատվությունը կներկայացվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ողջ կառույցին, այնուհետև, կսահմանվեն համագործակցության հնարավոր տարբերակները և ծրագրերը:

 


ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հույս է հայտնել, որ ձեռք կբերվի արդյունավետ համագործակցության տանող պայմանավորվածություն, որի յուրաքանչյուր ծրագիրը կգործի ի նպաստ սիրիահայ երեխաներին բարեկեցության: