Հունաստանի Ազգային բանկում ռումբ է պայթել

12:23 • 28.08.12

Աթենքում՝ Հունաստանի Ազգային բանկի մասնաճյուղում, այսօր առավոտյան ռումբ է պայթել, հայտնում է Financial Mirror-ը:

 

Պայթյունը տեղի է ունեցել Աթենքի Իլիոն արևմտյան արվարձանում: Խոսքն ինքնաշեն ռումբի մասին է, որը մեծ վնաս է հասցրել շինությանը, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ ու զոհեր, բարեբախտաբար, չկան: Վնասվել են նաև մոտակայքում կայանված մի քանի մեքենաներ:

 

Ռումբը տեղադրված է եղել բանկին կից բանկոմատի վրա: Պայթյունի համար առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

 

Վերջին տարիների գործազրկության և ռեցեսիայի պայմաններում Հունաստանում հաճախակիացել են բանկերի, արտասահմանյան ընկերությունների և տեղացի քաղաքական գործիչների դեմ հարձակումները: