Թուրքիան կուսումնասիրի ֆրանսիական դասագրքերում Ցեղասպանության մասին տեղեկությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը ուսումնասիրություն է սկսել Ֆրանսիայում դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության փաստը ներառելու կապակցությամբ:
Արտգործնախարարությունը նման ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարությունը տվել է Փարիզում Թուրքիայի դեսպանությանը:
«Հուրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցում Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն ասել է, որ նախորդ դասագրքերի ուսումնասիրություններն իրենք ունեն և այժմ ուսումնասիրելու են նոր դասագրքերը: Ավելի ուշ դրանց հիման վրա զեկույց կկազմվի:
«Դրանից հետո որոշելու ենք, թե ինչպես պետք է վարվել»,- ասել է Բուրջուօղլուն և նշել, որ իրականում նման խոսակցությունները եղել են դեռևս 2001 թ-ից, երբ Ֆրանսիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Անգամ դրանից առաջ նման նախաձեռնություններ կային: Որոշ ուսուցիչներ դա որպես տնային աշխատանք հանձնարարելով` օրակարգ էին մտցնում դա: Նույնիսկ մի աշակերտ քիչ մնաց դուրս մնար դպրոցից: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Այս փուլում ուսումնասիրում ենք բոլոր դասագրքերը»,- ասել է դեսպանը:
Նա նշել է, թե այն պնդումներն իբր դասագրքերում փոփոխություններն իրականացվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ, դժվար է հաստատել, քանի որ դասագրքերը պատվիրվել էին ավելի վաղ:
«Պետք է նկատել, որ պատմության դասագրքերում երկրների հանդեպ թշնամանք չպետք է լինի: Նման մի օրինակ եղավ Հունաստանի դեպքում, և մենք պատմության դասագրքերից հանել տվեցինք ատելություն և զրպարտություն պարունակող արտահայտությունները: Սակայն Հունաստանը դեռևս այդ քայլին չի գնացել։ Դպրոցական դասագրքերում ատելություն և քեն չպիտի լինի»,- հայտարարել է դեսպանը:










