Պետդուման առաջարկում է վճարել կաշառակերների մասին տեղեկություններ տրամադրողներին

15:29 • 28.08.12

Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջարկում է օրինականացնել կաշառակերների մասին տեղեկություն տրամադրողներին վճարելու գործընթացը, գրում է «Իզվեստիա» թերթը:  Համապատասխան օրինագծի մշակման աշխատանքները տարվում են արդեն երկար ժամանակ: Օրինագիծը, հնարավոր է, Պետդումա ներկայացվի աշնանային նստաշրջանի ժամանակ:


Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Մագոմեդ Վախաևը թերթի հետ զրույցում հայտնել է, որ նման գաղափարը Պետդումայում վաղուց  է քննարկվում, և համապատասխան փոփոխություններն օրենսդրությունում կմշակվեն մոտ ապագայում:

«Մենք քննարկել ենք հանձնաժողովում այն մարդկանց նյութապես խրախուսելու հարցը, որոնք կօգնեն համապատասխան մարմիններին հայտնաբերել կաշառակերների: Հետագայում ևս կքննարկենք այս հարցը: Հանձնաժողովն այս առումով կուսումնասիրի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ այլ երկրների փորձը: Գլխավորը հայրենական կոռուպցիայի առանձնահատկությունները հաշվի առնելն է և այնպես անելը, որ նման նորամուծությունն ինտեգրվի մեր պայմաններին»,- ասել է նա:

 

 

 

Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Կիրիլ Կաբանովն ընդհանուր առմամբ ողջունել է նման գաղափարը: Նա առաջարկել է տեղեկություն տրամադրողին պարգևատրել հենց կաշառակերի գրպանից: Նա, միևնույն ժամանակ, նաև նշել է, որ օրենսդրական մակարդակով պետք է բացառել դրա չարաշահման հնարավորությունը, օրինակ` երբ մրցակից ընկերությունները սկսեն մեկը մյուսին մատնել: