Սուրգուտում 140 սմ հասակ ունեցող տղամարդն իր կյանքը զոհել է 43 մարդու կյանք փրկելու համար
Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքի իշխանությունները որոշել են հետմահու պարգևատրել 29-ամյա Ստաս Սլոբոդյանին, ով իր կյանքը զոհել է 43 մարդու կյանք փրկելու համար, հայտնում է Life News-ը:
Քաղաքի Սիբիրի փողոցի երկհարկանի շինության բնակիչն իր եղբոր` 35-ամյա Օլեգի հետ, առաջինն են զգացել բռնկված ու ակնթարթորեն տարածված հրդեհի ծուխը: Նրանք դուրս են նետվել բնակարանից ու սկսել թակել բոլոր հարևանների դռները:
«Ստասն օգնում էր մարդկանց դուրս գալ փողոց: Եթե նա չլիներ, շատ բնակիչներ չէին կարողանա դուրս պրծնել հրդեհի բոցերից»,- պատմել են ականատեսները:
Մինչ փրկարարների ժամանումը, նա իր եղբոր հետ փրկել է 43 մարդու կյանք: Սակայն վերջին պահին երիտասարդը հիշել է, որ այրվող բնակարանում են մնացել իր փաստաթղթերը և նետվել ներս, որտեղից նրան դուրս գալ չի հաջողվել:
Փրկարարները նրա դին հայտնաբերելիս սկզբում կարծել են, թե այն պատկանում է 9-10 տարեկան երեխայի, քանի որ տղամարդու հասակն ընդամենը 140 սմ է:
«Փոքրիկ մարդ` մեծ ու խիզախ սրտով: Նա համեստ ու հասարակ երիտասարդ էր, աշխատում էր ջրմուղագործ: Մենք բոլորս պարտական ենք նրան մեր կյանքով»,- ափսոսանք են հայտնել հարևանները:










