Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր մարտահրավեր են. քաղաքագետ

12:16 • 28.08.12

Հայաստանի համար կարևոր մարտահրավեր են Վրաստանի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով այստեղ Ռուսաստանի դերը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:


«Վրաստանի հետ պարբերաբար ունենում ենք խնդիրներ, որոնք, երբեմն, զարմանալի են թվում, որ կան: Պետք է հաշվի առնել, որ մեր ճանապարհները 70%-ով գնում են Վրաստանով, որ մեր միակ քրիստոնյա հարևանը Վրաստանն է, որը ձգտում է Եվրոպա»,- ասաց Ստեփան Գրիգորյանը, կարևորելով այն, որ հայ համայնքի կապը պետք է սերտանա Վրաստանի կառավարության հետ:


Այս առումով նա դրական համարեց Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի՝ Հովհաննես Մանուկյանի նշանակումը. «Հատկապես, այդ դեսպանի դեմ Ռուսաստանում գտնվող ջավախահայության հայտարարությունից հասկացա, որ շատ հաջող դեսպան է նշանակվել, ով ակտիվ աշխատում է Վրաստանի կառավարության հետ: Այդպես էլ պետք է լինի, ակտիվ աշխատի, առաջ քաշի ջավախահայության խնդիրները»:


Ըստ քաղաքագետի, Ռուսաստանում բնակվող ջավախահայերի շրջանում այսպիսի դժգոհությունը Ռուսաստանի շահն է ներկայացնում, մինչդեռ Ստեփանյանը գտնում է, որ դա սխալ է. «Հասկացանք, որ դժվար է փոխել Ռուսաստանին, բայց մենք, վերջապես, անկախ երկիր ենք, եկե՛ք մի քիչ էլ նայենք Հայաստանի շահերից»:


Ստեփան Գրիգորյանը համոզմունք է հայտնում, որ դեսպանի սերտ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ ջավախահայության դեմ չէ։


«Դեսպանը ջավախահայությանը չի մեղադրում: Ինչ-որ բողոքում են Ռուսաստանում գտնվող ջավախահայերը՝ Ռուսաստանից է գալիս այդ պահանջը, մինչդեռ Ռուսաստանում ապրող հայերը պետք է իրենց խնդիրներով զբաղվեն և չմիջամտեն հայ-վրացական հարաբերություններին»,-ասաց նա:


Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, դրական ազդեցություն ունեցավ նաև ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դերը, ով «Վրաստանում ամրապնդեց հայերի վարկանիշը» և համախմբեց Վրաստանի համայնքը: