Սիրիահայ երեխաները սովորում են արևելահայերեն (լուսանկարներ, տեսանյութեր)
Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում արդեն երեք շաբաթ է սիրիահայ երեխաների համար արևելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ են կազմակերպվում, որին մասնակցողների թիվն օրեցօր ավելանում է:
«Արդեն երեք շաբաթ է, ինչ անց ենք կացնում այս դասընթացները, որին այժմ արդեն մասնակցում է երեք խումբ: Մի խումբն ավելի վաղ է սկսել, իսկ քանի որ Սիրիայից եկող աշակերտները շատացել են, նոր խմբեր են կազմվել: Մինչև երեկ էլ մենք աշակերտ ենք ընդունել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց լեզվի և գրականության» ուսուցչուհի Էմմա Վարդանյանը։
Վերջինս դասընթացներ է անցկացնում 8-ից մինչև 13 տարեկան սիրիահայ երեխաների հետ: Ըստ նրա, իր խմբում թվով 19 աշակերտ է ընդգրկված, մյուսներում ավելի շատ են:
Ուսուցչուհու խոսքով՝ իրենց նպատակն է երեխաներին մոտեցնել արևելահայերին, որպեսզի նրանք գոնե կարողանան լսելով հասկանալ, թե ինչ է ասվում:
«Այսօր բաղաձայնական եռաշարք համակարգն են յուրացնում երեխաները, բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, ձ-ծ-ց, ջ-ճ-չ հնչյունների և տառերի տարբերությունը մեր գրության համեմատ շատ են, ուստի դրանք ենք աշխատում մոտեցնել իրենց իմացածին»,– ասաց նա:
«Եվ քանի որ արևմտահայերենի և արևելահայերենի դասական ուղղագրությունը բավական տարբեր են, և դրանց մեջ բարդություն կա, գոնե հնչյուների հարցում փորձում ենք սովորեցնել: Բառերն արևմտահայերենով հնչեցնելու խնդիրն ավելի մեղմ է»,-բացատրեց ուսուցչուհին։
Էմմա Վարդանյանը նկատում է, որ երեխաները սեպտեմբերի 1-ին Հայաստանի դպրոցներ այցելելով կդժվարանան նաև «Ռուսաց լեզվի» հարցում, իսկ «Մաթեմատիկան», ըստ նրա, այստեղ ավելի խորացված են անցնում:
«Կարող ենք հաղթահարել, եթե ժամանակին նրանք կարողանան տրամադրվել և լսել ուսուցչին։ Պետք է ասեմ, որ բավական խելացի երեխաներ կան, որ ճիշտ են կողմնորոշվում և կարողանում հասկանալ»,- նկատեց նա։
Ուսուցչուհու խոսքով, այս երեխաների մի մասն այդուհանդերձ կմնա հայրենիքում. «Այս երեխաների ճակատագիրն այսօր հարցականի տակ է, որովհետև ծնողների մի մասը երկիրը խաղաղվելուց հետո գնալու են, իսկ մյուս մասը մնալու է և այսպես, թե այնպես երեխաների մի մասը մնալու է հայկական դպրոցներում»:
Էմմա Վարդանյանը նշեց, որ նույնիսկ ծնողներն են մասնակցել այս դասընթացներին, որոնք ծանոթանում են արևելահայերենին՝ առօրեական ամենապարզ բառերը և նախադասությունները հասկանալու և հասկացնելու համար:
Էմմա Վարդանյանը նշեց, որ այսօր հրավիրված են մասնակցելու սփյուռքահայ երեխաների համար հրատարակված դասագրքերի շնորհանդեսին:
Երեխաներից Ժենի Բալաբանեանը, քրոջ՝ Արփիի հետ արդեն երեք շաբաթ է ինչ հաճախում է այս դասընթացներին:
«Բաղաձայներն ենք սովորում, որոնք կտարբերեն արևելահայերենն ու արևմտահայերենը: Օրինակ դուռը–թուրը, Շողիկը-Ցողիկը»,- սովորածը ներկայացնում է նա, իսկ քույրը լրացնում է, թե հասկացել է, որ դուռը, որը արևմտահայերենում հնչում է «թուռ», այստեղ հասկանում են որպես «թուր»: «Մենք կըսենք «թուռ», իսկ իրենք «թուրը» կգործածեն որպես «սուր»»,- ասաց նա:
Ժենին շարունակում է իր նոր սովորած բառերը ներկայացնել, որոնք սովորեցրել էին խանութում. «Ես մի անգամ կուզեի մազերի ռեզին առնեի, ծախողին ըսի մազի կապ ունի՞ք, ըսավ, «ի՞նչ է էդի», բացատրեցի, որ մազը այսպես կկապեն, ասավ «անունը ռեզին է»։ Այդպես սովորեցի «ռեզին» անունը»:
Երեխաները ուրախ են, որ այստեղ դպրոց են գնալու. «Ես Ֆուչիկ կապրեմ և Ֆուչիկեն 100 համարի դպրոց պետք է երթամ և պարզ աշակերտի պես ռուսերեն պետք է սովորիմ և արևելահայերեն»,-ասաց Ժենին, իսկ քույրը նշեց, որ իրենք ցանկանում են այստեղ ապրել, միայն դա կախված է հայրիկից։
«Ես ուզում եմ հոս մնալ, բայց եթե հայրիկս գործ գտավ, եթե լավ լինի, հոս ենք մնալու»,-ավելացրեց նա:










