Սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան չկա. ԿԳ նախարար
Սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան չկա, այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ բոլոր դեպքում, եթե նման հոսք լինի, իրենք պատրաստ են հոգալու սիրիահայ դպրոցականների և ուսանողների կարիքները:
«Սիրիահայերի կրթության հարցը նախարարությունը բաժանել է հանրակրթություն և բարձրագույն կրթություն բաղադրիչների: Քաղաքապետարանի հետ միասին հանրակրթական ոլորտում տարանջատել ենք այն դպրոցները, որտեղ խորհուրդ ենք տալիս այդ երեխաներին հաճախել, որպեսզի կոմպակտ կազմակերպվեն պարապմունքները»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ ՀՀ Սփյուռքի նախարարությանն այս հարցում առաջարկություն է ներկայացրել, որպեսզի այն աշակերտները, ովքեր արաբական դպրոցներ են հաճախել, Հայաստանում հնարավորություն ունենան շարունակելու կրթությունը արաբական ծրագրերով:
Առաջարկությանը ԿԳ նախարարությունը տվել է իր համաձայնությունը՝ այն որպես ժամանակավոր ծրագիր ընդունելով:
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, ապա Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ սիրիահայ դիմորդների նկատմամբ ունեն խիստ բարյացակամ վերաբերմունք։
«Նրանց համար կկազմակերպվեն շատ մեղմ քննություններ՝ ընդունելության համար, նպաստավոր ռեժիմ: Եթե նրանք ընկնում են վճարովի ուսուցման համակարգ, ապա այդ ուսանողները կվճարեն ոչ թե որպես արտասահմանցի ուսանողներ, այլ որպես Հայաստանի Հանրապետության, ովքեր սովորում են վճարովի համակարգում: Վարձերի տարբերությունը մոտ 50 % է»,– ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին բարձրագույն և միջին մասնագիտության համակարգում ունեն 66 սիրիահայ դիմորդ, իսկ հանրակրթականում հնարավոր կլինի հաշվարկել սեպտեմբերի մեկից։
«Սեպտեմբերի 10-ից հետո ամփոփելով կարող ենք տեղեկություն տալ և նշել թիրախային կողմերը: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ հեշտ ու խաղաղ է ընթանալու, կան խնդիրներ, որոնք ֆորսմաժորային իրավիճակում են, և մենք դա կլուծենք, սա միանշանակ է»,- եզրափակեց ԿԳ նախարարը:










