Բին Լադենն ինքնասպան է եղել` մինչ ամերիկացի հատուկջոկատայինների ներխուժումը

15:14 • 29.08.12

Համաշխարհային ժամանակակից պատմության ամենավտանգավոր հանցագործ Ուսամա բին Լադենը մահացած է եղել մինչ ամերիկացի հատուկջոկատայինների ներխուժումը Պակիստանի Աբոթաբադ քաղաքում գտնվող իր թաքստոց:


Թիվ 1 ահաբեկչի ոչնչացման հատուկ գործողության անմիջական մասնակից, ամերիկացի զինծառայող Մարկ Օուենն իր գրքում ներկայացրել է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլխի մահվան նոր վարկած, որը տարբերվում է ամերիկյան ռազմական գերատեսչության (Պենտագոն) պաշտոնական հաշվետվությունից:

«Մենք գտնվում էինք նրա սենյակից մի քանի քայլ հեռավորության վրա, երբ ես լսեցի մի քանի խլացված կրակոց: Մտնելով մութ սենյակ` ականատես եղանք, որ հանցագործը պառկած էր գետնին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով, ամենուր արյուն էր»,- նկարագրել է «Դժվարին օր» աշխատության հեղինակը:


Չնայած ամերիկյան հրամանատարության հրամանին` զենք կիրառել միայն այն դեպքում, եթե ահաբեկիչը դիմադրություն ցույց տա կամ վտանգ ներկայացնի, «ծովային փիսիկները» մի քանի անգամ կրակել են բին Լադենի կրծքավանդակին, նոր միայն մոտեցել` տեսնելու համար, թե արդյոք ճիշտ թիրախին են կրակել:

«Մենք զննեցինք սենյակը և գտանք Կալաշնիկով հրաձիգ ու Մակարով տեսակի ատրճանակ, որոնք երկուսն էլ փամփուշտ չունեին: Նա նույնիսկ դիմադրություն չցանկացավ ցույց տալ: Տարիներ շարունակ իր հետևորդներին օդանավեր պայթեցնել ու ահաբեկչություններ կազմակերպել սովորեցնող մարդը, պարզվում է, ամենավախկոտը գտնվեց և որոշեց ինքնասպան լինել, մինչ իրեն բռնելը»,- գրում է հեղինակը:


Գիրքը լույս կտեսնի սեպտեմբերի 4-ին: