Համագործակցության հուշագիր կնքվեց Եվրասիա միջազգային և ԵՊՏ համալսարանների միջև
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր օգոստոսի 29-ին կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև: Այս մասին տեղեկացնում են Եվրասիա միջազգային համալսարանի տեղեկատվական բաժնից:
Համագործակցությունը ենթադրում է ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում` առավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` որպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանի` որպես նորարար կրթական, դեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնություն` համագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:
Հուշագրի առանցքային կետերից են համատեղ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, համալսարանների միջև ուսանողների փոխանակման և կրեդիտների փոխճանաչման հնարավորությունների ստեղծումը, դասախոսների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը, օտարերկրյա դիմորդների ուսուցման կազամակերպումը, որակի ապահովման համակարգերի ներդրման ընթացքում սերտ համագործակցությունը և այլն:
Տեղեկացնենք նաև, որ այս հուշագրի ստորագրումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթության բնագավառում ՀՀ կառավարության կողմից տարվող միասնական քաղաքականությամբ:










