Հայազգի խարդախը ՌԴ–ում ինտերնետի միջոցով բեռնատարներ է վաճառել
Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է խոշոր չափերի խարդախություններ կատարելու մեջ: Նա Ռուսաստանի տարբեր հատվածներում բնակվող իր զոհերին ինտերնետի միջոցով МАЗ մակնիշի ավտոմեքենաներ է առաջարկել, ապա, գումարը ստանալով, անհետացել է:
Ինչպես տեղեկացնում է sgpress.ru-ն, խարդախություն կատարած անձը ձերբակալվել է հունիսին` հերթական բեռնատարը վաճառելիս: Պարզվել է, որ բազմիցս դատապարտված տղամարդը հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Գառնիկ Կ.-ն է: Նրա մոտ նաև կեղծ անձնագիր է հայտնաբերվել:
1966 թ-ին ծնված Գառնիկն ինտերնետի միջոցով МАЗ մակնիշի բեռնատարներ է առաջարկել: Երբ զոհերը հետաքրքրվել են չափազանց էժան վաճառվող ապրանքով, հանդիպել է նրանց հետ: «Վաճառողն» ավտոմեքենայի դիմաց գումարը ստանալուց հետո անհետացել է: Իրավապահ մարմիններին հայտնի է երեք դեպքի մասին:










