ՀՊՀՌԸ-ն «Դե, սպասիր»-ը մեծահասակների մուլտֆիլմ է համարել
Խորհրդային ամենասիրված «Դե, սպասիր» մուլտֆիլմը սեպտեմբերի 1-ից սկսած կցուցադրվի միայն գիշերային ժամերին, գրում է РБК-ն: Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում կարծում են, որ գայլի և նապաստակի արկածները վնասում են երեխաների առողջությանն ու զարգացմանը:
Հեռուստառադիոընկերությունից «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել են, որ նոր օրենքը կոչված է պաշտպանելու երեխաներին վնասակար տեղեկություններից ու «բռնության տեսարաններից»:
«Մենք ընդամենը երկու տարբերակ ունենք` կամ խախտել օրենքը, կամ ցուցադրել մուլտֆիլմն ուշ երեկոյան»,- հայտարարել է հեռուստառադիոընկերության մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար Տատյանա Ցիվարևան:
Նշենք, որ երեխաներին պաշտպանող օրենքը ՌԴ Պետդումայի կողմից ընդունվել է 2010թ. դեկտեմբերին: Երեխաների համար վնասակար տեղեկություն տարածելու և համացանցում նման տեղեկությունները նրանցից չծածկագրելու դեպքում՝ օրինազանցները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Նման օրինազանցության համար քաղաքացուց կգանձվի մինչև 3 հազ. ռուբլի տուգանք, պաշտոնյաներից ու անհատ ձեռներեցներից՝ մինչև 20 հազ., իրավաբանական անձանցից՝ 200 հազ. ռուբլի և այլն:










