ԱՄՆ Հանրապետական կուսակցության ծրագրում Ռուսաստանը նշվում է որպես թշնամի երկիր
Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ծրագրում Ռուսաստանն Իրանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ միասին ներկայացված է որպես ԱՄՆ-ի թշնամի երկիր:
Ֆլորիդայի նահանգում անցկացված կուսակցության համագումարում հանրապետական պատվիրակների հավանության արժանացած ծրագրում կուսակցությունը կոչ է անում Ռուսաստանին վերանայել ընդդիմադիր կուսակցություններին, մամուլին և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ճնշելու, Վրաստանի տարածք ներխուժելու, Մերձավոր Արևելքի բռնակալների հետ կապերի, հարևաններին ստորացնելու քաղաքականությունը:
«Մենք կոչ ենք անում ՌԴ առաջնորդներին վերանայել այն ուղին, որին նրանք հետևում են: Ռուս ազգն ավելիին է արժանի, և մենք հուսով ենք, որ Ռուսաստանը ժամանակակից ժողովրդավարությանն ամբողջական մասնակցություն կունենա»,- նշվում է ծրագրում:
Նրանք հիշեցրել են, որ գործող նախագահ Օբաման խոստացել էր «առավել ճկուն» լինել Ռուսաստանի հանդեպ: «Սակայն հանրապետական նախագահը, ընդհակառակը, առավել արդար ու անկեղծ կլինի ամերիկացիների հետ` երկրի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում»,- ասվում է ծրագրում: Նշենք, որ համագումարում Միթ Ռոմնին, ինչպես և սպասվում էր, դարձել է Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնական թեկնածուն:
Հանրապետականները, միևնույն ժամանակ, նշել են, որ Ռուսաստանն արժանի է ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների կարգավորմանը, «սակայն դա չպետք է արվի առանց այցագրային պատժամիջոցներ ընդունելու այն չինովնիկների հանդեպ, որոնք խախտում են մարդու իրավունքները»:










