Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն

13:48 • 29.08.12

Հայաստանում սեպտեմբերի 1-ից մեկնարկում է Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոնը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փառատոնի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը։


«Մեր նպատակն է ոչ միայն նպաստել որակյալ սոցիալական գովազդի մշակույթի ձևավորմանը՝ խրախուսելով ոչ միայն մասնագիտական օղակներին, այլ նաև քաղաքացիական ակտիվիստների հմտությունների զարգացմանը, որովհետև միայն օրենքի ուժը չէ, որ կարող է դաշտում փոփոխություն ապահովել: Պետք է հնարավորություն տալ այն մարդկանց, որոնք պատրաստ են բարձրաձայնել խնդիրները և ճիշտ մատուցել»,- ասաց նա:


Նրա խոսքով՝ փառատոնն անց է կացվում «Կանաչաստան» ՀԿ-ի, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի», ինչպես նաև Ռուս-հայկական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ և իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:


Մարիամ Մովսիսյանը նաև ասաց, որ սա իրենց առաջին փորձն է և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:


«Ծրագիրն իրականացվում է մի քանի փուլով։ Առաջին փուլում է հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ անկախ փորձից սեպտեմբերի 10-15-ը մասնակցել ոլորտի փորձագետների կողմից անցկացվող անվճար դասընթացներին, որի ժամանակ կներկայացվեն սոցիալական գովազդի խնդիրները, առաջ կքաշվեն գլոբալ սուր հարցեր և ցույց կտրվեն դրանց վերաբերյալ մոտեցումները: Նաև ներկաները կստանան պրակտիկ ուսուցում»,-ասաց նա և ավելացրեց, որ սեմինարների մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը:


Մարիամ Մովսիսյանը տեղեկացրեց, որ այնուհետև կանցկացվի հոլովակների մրցույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն սեմինարների մասնակիցները, այլև յուրաքանչյուր ոք, ով «30 վայրկյանում կներկայացնի իրական կյանքը՝ իր խնդիրներով ու լուծումներով»:


«Փառատոնի սեմինարներին և մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, քաղաքացիական խմբերի և նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 18-35 տարեկան ցանկացած ոք, ով հետաքրքրված է սոցիալական գովազդի թեմայով: Թե՛ սեմինարների արդյունքում ստեղծված և թե՛ անկախ ներկայացված մրցութային աշխատանքներն ընդունվում են սեպտեմբերից։ Վերջնաժամակետը հոկտեմբերի 15-ն է»,-եզրափակեց նա: