Իսպանիայից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորները թյուրիմացաբար են հայտնվել «գերության» մեջ

17:38 • 29.08.12

Spanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը թռչելով իսպանական Մալագա քաղաքից պետք է վայրէջք կատարեր Ամստերդամի «Սխինփհոլ» օդանավակայանում, թյուրիմացության հետևանքով հայտնվել է «գերության» մեջ:

Նիդերլանդների անվտանգության մարմինները կարծել են, թե ահաբեկիչներն առևանգել են ինքնաթիռը, քանի որ այն մտել է երկրի օդային տարածք` առանց օդանավակայանի դիսպետչերների հետ կապ հաստատելու:
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը երկու F-16 տիպի կործանիչ է օդ բարձրացրել, որպեսզի ուղեկցեն իսպանական ինքնաթիռին` մինչև վայրէջքը:
 

Օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները շրջափակել են ինքնաթիռը, և 183 ուղևորներ երկար ժամանակ փակված են մնացել ինքնաթիռում:
 

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային գործակալությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռը Նիդերլանդների օդային տարածք է մտել առանց դիսպետչերական ծառայությունների հետ կապվելու:
 

Ավելի ուշ պարզվել է, որ որևէ առևանգում էլ չի եղել, պարզապես ռադիոկապը լավ չի գործել, ինչի պատճառով էլ օդաչուներին չի հաջողվել կապ հաստատել դիսպետչերների հետ:
 

Այսօր ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Սխինփհոլ» օդանավակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է հայտնաբերվել:
 

Այդ պատճառով փակվել էր օդանավակայանի տերմինալներից մեկը, և որոշ չվերթներ հետաձգվել էին: