Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում է

17:38 • 29.08.12

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Tert.am-ը կապվեց նաև ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հետ, ով ասաց, որ «միջոցներ է ձեռնարկվել Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերելու ուղղությամբ, նա չի հայտանբերվել, ուստիև, հայտարարվել է հետախուզում»:


Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունն արդեն տեղեկացրել էր, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): 


Ինչպես նշել էինք, օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովա և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել էր կրակոցներով:

 

Հաղորդվել էր, նաև որ նախաքննության տվյալներով` վիճաբանությանը մասնակցել են Գյումրիի քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ: