Վաղը պարզ կլինի Արմեն Աշոտյանը պետական այր է, թե խաբեբա. Սուրեն Զոլյան

12:08 • 29.08.12

Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դատական հայցադիմումը ետ չի վերցրել և դեռ պայքարում է՝ իր խոսքով արդարությունը վերականգնելու համար:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Զոլյանն ասաց, որ վերջին դատական նիստը եղել է հուլիսի 18-ին և շարունակվելու է վաղը, որտեղ ինքը կպարզի, թե իրեն աշխատանքից ազատած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պետական այր է, թե խաբեբա:


«Վաղվանից արդեն սկսվելու է իմ դատական վեճերի երկրորդ սերիան: Հիշո՞ւմ եք, որ պարոն Աշոտյանը ֆեյսբուքում հայտարարում էր, որ անօրինականություններ է հայտնաբերել մեր համալսարանում: Ես հիմա իրենց տվել եմ հնարավորություն։ Վաղը դատարանում պարզ կդառնա, թե պարոն Աշոտյանը և նախարարության աշխատակիցները ինչ հիմքով ենք ստուգումներ կատարել մեր համալսարանում: Վաղը արդեն պարզ կլինի պարոն Աշոտյանը պետական ա՞յր է, թե սովորական խաբեբա»,-նշեց ԵՊԼՀ նախկին ռեկտորը:


Նշենք նաև, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով (հիմնավորումը՝ առանց նախարարի թույլտվության ՀՀ-ից բացակայելու համար) Սուրեն Զոլյանը ապրիլի 17-ին աշխատանքից ազատվեց, և բուհի ռեկտորի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար դիմում չներկայացրեց, որից հետո, այս տարվա հունիսի 12-ին բուհի ռեկտոր ընտրվեց Գայանե Գասպարյանը:


Հարցին, թե դատարանում ո՞վ է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության շահերը, Սուրեն Զոլյանն ասաց. «Դատարանում ԿԳՆ շահերը ներկայացնում է ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ պարոն Բավեյանը, ով էլ համալսարանում ստուգումներ իրականացնող խմբի ղեկավարն է եղել, ինչպես նաև նույն նախարարության իրավաբանական վարչության մեկ ավագ մասնագետ»:


Սուրեն Զոլյանի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի ինքը լքի Հայաստանը, սակայն ինքը մնալու է Հայաստանում և պայքարելու է՝ իր խոսքով արդարության վերականգման համար:


«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եվրոպական համալսարանից ստացել եմ առաջարկություն, և Հայաստանից ոչ մի բուհից առաջարկություն չեմ ստացել, սա ասում եմ ի գիտություն պարոն Աշոտյանի, որ ինձ այստեղ ոչ մի պաշտոնի առաջարկ չեն արել»,- ասաց Սուրեն Զոլյանը:


Հիշեցնենք, որ իր պաշտոնանկությունից հետո Սուրեն Զոլյանը դատական երկու հայց էր ներկայացրել դատարան՝ վիճարկելով նախ իր պաշտոնանկության օրինականությունը, ինչպես նաև ստացած նկատողությունը, որը տրվել է ԿԳ նախարարի կողից: