Տիմոշենկոյի դատավճիռն անփոփոխ է մնացել
Ուկրաինայի բարձրագույն դատարանն անհիմն է համարել ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` «գազի գործով» վճռի բողոքարկումը և անփոփոխ թողել այն:
Դատավճռում նշվել է, որ Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման դատավճիռը չեղյալ հայտարարելու համար որևէ պատճառ չկա:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դատարանը չի բավարարել Տիմոշենկոյի հայցը, որով նախկին վարչապետը խնդրել էր փակել գործը` հաշվի առնելով բավարար ապացույցների բացակայությունը:
Դատարանի դահլիճում հավաքված Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցներն «ամոթ» են վանկարկել: Տիմոշենկոն դատավարությանը ներկա չի եղել:
2011 թ.-ի հոկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ընդդիմադիր գործիչ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մեղավոր էր ճանաչել 2009 թ.-ին Ռուսաստանի հետ բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով և դատապարտել էր 7 տարվա ազատազրկման:










