Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն. Արմեն Մարտիրոսյան
«ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի 2013թ. նախագահական ընտրություններին և որպես նախագահի թեկնածու պետք է ներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, համանուն խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծիքն է, ինչը վերջինս հայտնեց Tert.am-ի հետ զրույցում, ապա հավելեց, թե այս պահին չի կարող ասել՝ հետագայում Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցությունն ինչ որոշում կկայացնեն:
Ի պատասխան հարցին, թե սա միայն իր՝ Արմեն Մարտիրոսյանի անձնական կարծի՞քն է, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի, կամ կուսակցության ներսում առկա տրամադրությունն ու տրամադրվածությունն է փոխանցում Մարտիրոսյանը, վերջինս պատասխանեց. «Կուսակցության ներսում էլ տրամադրություններն այնպիսին են, որ պարոն Հովհաննիսյանը պետք է առաջադրվի: Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրությանը, կարծում եմ՝ հենց ինքը կարող է պատասխանել այդ հարցին»:
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո ընտրությունների միասնական վերահսկողության շտաբի գործունեության շրջանակներում համագործակցող երեք կուսակցություններից 2-ի՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» ու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ կա առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հասարակական ու քաղաքական պահանջ:
Ի պատասխան հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության ներսում առկա տրամադրությունները նշանակո՞ւմ են, որ կուսակցության հիմնադիր նախագահը միայն իրեն է տեսնում ընդդիմության միասնական թեկնածու, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ «ժառանգությունը» տարիներ շարունակ ինքն է բոլորին աջակցել և այս անգամ գտնում է, որ մնացած ընդդիմադիր ուժերը պետք է աջակցեն «Ժառանգությանը»:
«Մանավանդ, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ առաջնորդ ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում: Օբյեկտիվորեն մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, նաև քաղաքացիական դաշտի լոյալությունը, կարծում եմ, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի ընդդիմության միասնական թեկնածուն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե անգամ «Ժառանգության» նախագահը չլինի միասնական թեկնածու, դա իր համար ողբերգություն չէ, որովհետև որևէ մեկը Արմեն Մարտիրոսյանին չի կարող ապացուցել, թե բազմադեմ ընդդիմությունը պարտադիր պետք է միասնական թեկնածու ունենա:
«Դա իշխանությունն է, որ միադեմ է և մեկ թեկնածուով է հանդես գալիս, ընդդիմությունը կարող է մի քանի թեկնածու ունենալ, և այս դեպքում, նույնիսկ երկրորդ փուլի դեպքում, պարզ կլինի, թե ընդդիմադիր ուժերից ո՞ր առաջնորդն է վայելում ընդդիմադիր տրամադրված քաղաքացիների համակրանքը»,- լրացուցիչ պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ բազմիցս տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանով հայտնվել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև սեպտեմբեր պետք է որոշի՝ վերցնո՞ւմ է իր մանդատը, թե՞ ոչ: Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չի վերցրել իր պատգամավորական մանդատը, հայտնի դարձավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու համար խորհրդարանական երեք խմբակցությունների՝ «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» և «Հայ հեղափոխական դաշնակցության» նախաձեռնած ստորագրահավաքի ժամանակ, երբ նաև պարզվեց, որ ստորագրությունների ցանկում բացակայում է Րաֆֆի Հովհաննիսյանի ստորագրությունը:
Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան այս հիշեցման, նկատեց, թե այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը չունի պատգամավորական լիազորություններ, հավելելով. «Որովհետև մանդատն էլ չի վերցրել, և դուք տեղյակ եք, որ նույնիսկ ԿԸՀ-ից են դրա մասին ասել»:
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ԱԺ համամասնական ընտրությունների վերաբերյալ բաժնում և ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ, ինչպես նաև ԱԺ պաշտոնական կայքի նույնատիպ բաժնում, «Ժառանգությունում» համարում են, որ դա դեռ ոչինչ չի նշանակում:
«Դե դա ավտոմատ կերպով արել են, որպես տեխնիկական հարց, բայց դա քաղաքական գործունեություն է, որի դեպքում որոշումներ է ընդունում տվյալ քաղաքական գործիչը»,- մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Հավելենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական գործունեության վերաբերյալ կուսակցության վարչությունը որոշում կընդունի մինչև ԱԺ աշնանային նստաշրջան:










