Հայկական արշավախումբը կմեկնի Դիարբեքիր և Վան

17:27 • 30.08.12

«Երկիր» միության կողմից իրականացվող «ՎԱՆ նախագիծ» Հայկականբարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագրի շրջանակներում կազմավորված արշավախումբը 2012թ. սեպտեմբերի 2-ին
մեկնելու է Արևմտյան Հայաստան։

 

Ինչպես տեղեկացնում են «Երկիր» միությունից, սեպտեմբերի 4-ից 7-ը խումբը Դիարբեքիրի քաղաքապետարանի պաշտոնական հրավերով այցելելու է Դիարբեքիր։ Այնտեղ «Երկիր» միության աշխատակիցները հանդիպում են ունենալու Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել մշակութային համագործակցության հետագա ծրագրերը։

 

Արշավախմբի անդամ երաժիշտները կհանդիպեն Արամ Տիգրան կոնսերվատորիայի ուսանողա–դասախոսական կազմի հետ, ժողովրդական նվագարանների կիրառման փորձի փոխանակման նպատակով վարպետաց դասեր են անցկացնելու Դիրաբեքիրի քուրդ վարպետ-կատարողների հետ, ինչպես նաև հանդես են գալու համերգային ծրագրով։

 

Դիրաբեքիրից խումբը մեկնելու է Վան, որտեղ խմբի երաժիշտները «Ակունք» երգի-պարի ազգագրական համույթի հետ միասին սեպտեմբերի 8-ին մասնակցելու են քաղաքային այգու հանդիսավոր բացման կապակցությամբ Վանի քաղաքապետարանի և «Երկիր» միության կողմից համատեղ կազմակերպվող երաժշտական փառատոնին։
Իսկ սեպտեմբերի 9-ին, արշավախմբի անդամները ներկա կգտնվեն Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ամենամյա պատարագին։

 

Տեղեկացվում է, որ սա «Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում իրականացվող թվով երրորդ ուղևորությունն է Արևմտյան Հայաստան։ Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը, երբ Միության արշավախումբը այցելել և ուսումնասիրություններ էր կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Նույն տարվա սեպտեմբերի 21-25–ին Միության անդամները մասնակցել էին Դիարբեքիրի միջազգային սոցիալական ֆորումի աշխատանքներին, իսկ «Վան նախագիծ» երաժիշտների խումբը համերգով հանդես էր եկել ֆորումի բացման արարողությանը։


«Վան» նախագծի հիմնական նպատակներն են, նպաստել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նպաստել` Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչության մոտ բնիկ ինքնության պահպանմանը, աջակցել Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող տարբեր էթնիկ խմբերի (այդ թվում նաև ծագումով հայերի) և Հայաստանի բնակչության միջև մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը: Ինչպես նաև միջմշակութային փոխանակության և երկխոսության հնարավորություններ ստեղծելու միջոցով, ծրագրեր իրականացնել Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի ավանդական երաժշտության և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրության ուղղությամբ՝ շեշտը դնելով դրանում առկա հայկական ավանդական ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանը: