29-ամյա ռուս երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սիրիահայի սպանության համար
Եկատերինբուրգում վերջերս բացահայտված հանցագործ խմբավորման անդամներից 29-ամյա Ռոման Կիրյակովին մեղադրանք է առաջադրվել առնվազն 10 սպանությունների համար. տեղեկացնում է pravo.ru-ն:
Հետաքննության տվյալներով` 2009 թ. հոկտեմբերի 29-ին հարաբերություններ պարզելու ընթացքում նա շենքի շքամուտքում մուրճով սպանել է մի տղամարդու:
2012թ. մարտի 6-ին նա մեղսակիցների հետ առևանգել է ԱՄՆ-ի և Սիրիայի հայազգի քաղաքացի Ջորջ Կարա-Յակուբյանին: Խումբը նրանից գողացել էր 100.000 ռուբլի, դաժանաբար սպանել էր, ապա` այրել:
2012թ. ապրիլին Կիրյակովը երեք գործընկերների հետ առևանգել էր մեկ այլ տղամարդու, ով կասկածվում էր թմրամիջոցների առևտրի մեջ: Մի քանի օր շարունակ նրան ավտոտնակում պահելուց հետո, նրան տեղափոխել էին անտառ, որտեղ դանակահարել էին , ապա վրան բենզին լցնելով այրել:
Հանցագործ խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվում է նաև Ռուսաստանում հայտնի բլոգեր և իրավաբան Վասիլի Ֆյոդորովիչը: Հենց նրա մասնակցության պատճառով էր այս գործը նման լայն արձագանք ստացել:
Իրավապահների համոզմամբ` նեոնացիստական խմբավորման կազմում նա մասնակցել է 41 սպանությունների, ինչպես նաեւ բռնաբարությունների եւ այլ դաժան հանցագործությունների:










