Իրանը հայտարարել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման խումբ ստեղծելու մասին

08:27 • 30.08.12

Իրանի նախաձեռնությամբ, Չմիավորման շարժման անդամ մի շարք երկրներ որոշում են ընդունել ստեղծել մի խումբ, որը պետք է զբաղվի Սիրիայում ճգնաժամի կարգավորման ուղիների որոնմամբ: Այս մասին Թեհրանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:

«Այն պարագայում, երբ միջազգային կազմակերպությունները ներգրավված են սիրիական խնդրում, Չմիավորման շարժումը չի կարող հեռու մնալ ամենից»,- ասել է նա:


Սալեհիի խոսքով` շարժման գագաթաժողովում առաջարկ է հնչել, որ Չմիավորման շարժումը ներկայացնող «եռյակը» միանա Սիրիայում ճգնաժամի լուծման ուղիների որոնմանը: «Եռյակը» կներկայացնեն Իրանի, Եգիպտոսի և Վենեսուելայի ներկայացուցիչները` որպես շարժման գործող, նախկին և ապագա նախագահներ, ինչպես նաև Լիբանանն ու Իրաքը: Նախարարի խոսքով` «եռյակը» կհամագործակցի այլ միջազգային կառույցների հետ:

 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում օգոստոսի 26-ից 31-ն անցկացվում է Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովը: 1961թ-ին ստեղծված շարժմանը սկզբնական շրջանում անդամակցում էր 25 երկիր, այժմ անդամ երկրների թիվը 120 է: Հիմնական սկզբունքը ռազմական դաշինքներին, մասնավորապես` ՆԱՏՕ-ին չմասնակցելն է: