Երևանում կկազմակերպվի Թանգարանների միջազգային խորհրդի 41-րդ գիտաժողովը

15:39 • 30.08.12

2012թ. հոկտեմբերի 20-ից 25-ը Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, անցկացվելու է Թանգարանների միջազգային խորհրդի Կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը, այս մասին տեղեկացնում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտից:

 

«Թանգարան և գրավոր հաղորդակցություն. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովի նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

Գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

 

Կրթության և մշակութային գործունեության կոմիտեն ԻԿՕՄ-ի կազմի մեջ մտնող ամենահին և ամենամեծ միջազգային կոմիտեներից է, այն ունի շուրջ 1300 անդամ, որոնք աշխարհի տարբեր թանգարանների թանգարանային կրթության, մանկավարժության և մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են:

 

Կոմիտեի տարեկան գիտաժողովները վերջիններիս համար մասնագիտական հանդիպման առիթ են, որի ընթացքում թանգարանագիտական ոլորտում առկա տարբեր հարցեր ու խնդիրներ են քննարկվում:

 

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողովը 5 օրով կվերածվի մի ինքնատիպ մասնագիտական հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող խնդիրներ:

 

Գիտաժողովի շրջանակներում հայ մասնագետների համար կանկացվեն վարպետաց դասեր, որոնք կվարեն աշխարհի հեղինակավոր թանգարանների մասնագետները:


Գիտաժողովի ծրագիրը ներառում է գիտական զեկուցումներ, քննարկումներ, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ճանաչողական ուղևորություններ դեպի հայաստանյան թանգարաններ ու պատմամշակութային տեսարժան վայրեր:

 

Գիտաժողովի հիմնական զեկուցողները ճանաչված մասնագետներ են ինչպես աշխարհի հեղինակավոր թանգարաններից (Լուվր, Բրիտանական թանգարան), այնպես էլ Հայաստանից:

 

Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանելու նաև ԻԿՕՄ–ի նախագահ Հանս Մարտին Հինզը:

 

Գիտաժողովի համար ստեղծվել է առանձին կայք ՝ ceca12.icom-armenia.org, որի միջոցով տարածվում է տեղեկատվությունն ու իրականացվում մասնակիցների գրանցումը: Արդեն 30 երկրների 50 թանգարաններից գրանցվել է շուրջ 70 պատվիրակ, որոնց թիվն օր-օրի ավելանում է:

 

Գիտաժողովն անցկացվելու է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան ինստիտուտում, իսկ գործնական պարապմունքներն ու քննարկումներն ըստ համապատասխան թեմաների կկազմակերպվեն Հայաստանի մի շարք թանգարաններում:

 

Գիտաժողովը նաև հեռարձակվելու է առցանց ռեժիմով, որը հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցելու թանգարանային մշակույթին նվիրված այս ինքնատիպ միջոցառմանը: