Պացիֆիստ կանայք փորձել են տապալել Քոնդոլիզա Ռայսի ելույթը

09:17 • 30.08.12

Code Pink կանանց հակապատերազմական կազմակերպության ակտիվիստները փորձել են տապալել Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի ելույթը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նախկին պետքարտուղարը ելույթ է ունեցել Ֆլորիդա նահանգում անցկացված Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ:

Ռայսի ելույթը նվիրված էր «Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ Ամերիկան կարեկցանքով է վերաբերվել աղքատներին» թեմային: Ելույթի սկզբում Code Pink-ի անդամներից մեկը սկսել է բղավել.«Դուք ոչ թե կարեկցել, այլ սպանել եք մարդկանց: Այդ պատերազմները հրահրել են դեմոկրատներն ու հանրապետականները, դրանք դարձել են մեր ազգային անվտանգության ահ ու սարսափը», ինչից հետո անվտանգության աշխատակցները դուրս են տարել կնոջը:


Ռայսը, սպասելով մինչ դահլիճում լռություն տիրելը, պատասխանել է, թե «ժողովրդավարությունն այն է, երբ մարդիկ կարող են իրենց կարծիքն արտահայտել»:

Սակայն րոպեներ անց Code Pink-ի երկրորդ մասնակիցն է ընդհատել ելույթը: «Ձեր ձեռքերը կեղտոտ են ամերիկացի երեխաների արյամբ: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ընդամենը պատրվակ էին Իրաքում պատերազմ սկսելու համար»: Նրան նույնպես անվտանգության աշխատակիցները դուրս են տարել:

Նշենք, որ նախկին պետքարտուղարն այժմ դասավանդում է Սթենֆորդի համալսարանում: