Հռոմում փրկարարներն արձագանքել են թութակի օգնության «կանչին»

15:59 • 30.08.12

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի փողոցներից մեկով անցնող մի կնոջ ուշադրությունն են գրավել բաց պատուհաններից մեկից լսվող «մայրի՜կ, մայրի՜կ» բղավոցները, գրում է Italia-ru.-ն:

 

Կինն անմիջապես անհանգստացել է, և կարծելով , թե մայրիկին կանչող երեխան վտանգի մեջ է, միանգամից ոստիկանություն է ահազանգել: Նա հուզված ձայնով ասել է, որ տանը միայնակ մնացած երեխան անհապաղ օգնության կարիք ունի:

 

Հաշվի առնելով դեպքի բարդությունը` իրավապահներն իրենց հերթին կապվել են փրկարար ծառայության հետ, որպեսզի նրանց օգնությամբ գործը գլուխ բերեն:

 

Սակայն, երբ փրկարարները գտել են տվյալ բնակարանը, նրանց առջև դուռը բացել են զարմացած բնակիչները, ովքեր սկզբում չեն հասկացել փրկարարների գալու պատճառը: Սակայն րոպեներ անց պարզվել է այս պատմության մեղավորը. դա եղել է տանտերերի թութակը, որն ունակ է միայն մեկ բառ արտասանել` «մայրիկ»: