Իրանում վթարված ինքնաթիռի զոհերի երեխաները 58 ամիս է փոխհատուցում չեն ստանում (տեսանյութ)

15:12 • 30.08.12

2001 թվականին Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների անչափահաս երեխաները յուրաքանչյուր ամիս, դատարանի որոշման համաձայն, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ից պետք է ստանան 40 հազարական դրամ, սակայն 2008 թվականից մինչ օրս ընկերությունը գումարները չի վճարում:


Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, դրսում բողոքի ակցիա էին իրականացնում ինքնաթիռի զոհ դարձածներից մեկի ընտանիքի անդամները, ովքեր պարզել էին «Պարո՛ն նախագահ, վերականգնե՛ք խախտված իրավունքները: Երեխաները 58 ամիս է չեն ստացել օրենքով սահմանված գումարը» վերտառությամբ պաստառ։


Tert.am-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկնն ասաց, որ դատարանի պահանջով «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն մինչ երեխայի չափահաս դառնալը, կամ եթե ուսանող է մինչև 23 տարեկան դառնալը պետք է վճարի 40 հազար դրամը, սակայն չեն վճարում:


«Մենք դիմել ենք ՀՀ նախագահին էլ, ՀՀ վարչապետին էլ, ՀՀ արդարադատության նախարարին էլ: Բոլորն ասում են՝ մտածում են մեր մասին»,- ասաց կինը:


Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, այդ իսկ պատճառով չի վճարում իր պարտքերը:
Կառավարության նիստի ժամանակ, դրսում այսօր բողոքի ակցիա էին իրականացնում նաև ՀՀ Զինված ուժերում, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: