Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 2-ի նոր տարբերակը

10:21 • 30.08.12

Samsung ընկերությունն օգոստոսի 30-ին ներկայացրել է իր չափերով դեռևս չգերազանցված նոր Galaxy Note 2 սմարթֆոնը, որն իրենից ներկայացնում է սմարթֆոնի և պլանշետային համակարգչի համադրում, գրում է YahooNews-ը:

 

Նորույթն ունի 14 սանտիմետրանոց էկրան, ինչը մոտ 1սմ-ով ավելի է անցյալ տարի թողարկված բնօրինակից: Վերջինս վաճառքի հանվելուց հետո արժանացել էր նույնիսկ ամենախիստ քննադատների գովեստին:

 

Մասնագետները կարծում են, որ 1 սարքում համատեղելով պլանշետի և սմարթֆոնի հատկությունները, Samsung-ը ցանկանում է էլ ավելի ընդլայնել իր սպառողների շրջանակը: Թեև նոր Galaxy Note 2-ն ունի գրպանին հարմար չափ, սակայն այն առաջարկում է բարձրորակ պլանշետի հզորություն: Այն կառավարվում է հատուկ փայտիկով, որը հնարավորություն է տալիս նկարել էկրանին և գրառումներ անել էլեկտրոնային փոստում:

 

Նոր սարքը ներկայացվել է Բեռլինում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Բացի նոր Galaxy Note 2-ից,  ընկերությունը ներկայացրել է նաև նոր սմարթֆոն և դյուրակիր համակարգիչ (laptop), որը վերածվում է պլանշետի:
 

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 2-ի նոր տարբերակը