Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր

15:43 • 30.08.12

 ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 28-29-ին այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

 

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

 

Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգևատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:

 

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերն այսօր ապահովում են մեր երկրի անվտանգությունը և ինքնուրույն կատարում առաջադրված բոլոր խնդիրները:

 

Սեյրանը Օհանյանը գոհունակությամբ նշել է նաև, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաև օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

 

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել՝ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար: