Վենեսուելայում զանգվածային սպանդի է ենթարկվել Ամազոնի ցեղերից մեկը

11:07 • 30.08.12

Վենեսուելայի Ամազոնաս նահանգում Յանոմամի ցեղի 80 հնդկացիներ են սպանդի ենթարկվել, որոնց գյուղը երկնքից ռմբակոծվել է Բրազիլիայից ներթափանցած ապօրինի ոսկի որոնողների կողմից, գրում է The Guardian-ը` վկայակոչելով մի խումբ ակտիվիստների, ովքեր կոչ են արել կառավարական հետաքննություն սկսել դեպքի առթիվ:

Հանքափորները Բրազիլիայի կողմից հատել են Վենեսուելայի սահմանը` ապօրինի ճանապարհով ոսկի արդյունահանելու նպատակով, ինչի հետևանքով այդ տարածքում բնակվող հնդկացիների հետ արյունալի բախումներ են տեղի ունեցել:

 

Համաձայն տեղացիների ցուցմունքների` զինված անձինք ուղղաթիռով անցել են 80 բնակչություն ունեցող Իրոթաթերի գյուղի վրայով, ինքնաձիգներից կրակ բացել բնակիչների ուղղությամբ և պայթուցիկ նյութեր նետել: Միջադեպից հետո հաջողվել է փրկվել միայն 3 մարդու, այն էլ այն պարզ պատճառով, որ նրանք հարձակման ժամանակ գյուղում չեն եղել:

 

Հնդկացիների զանգվածային սպանդը տեղի է ունեցել հուլիսի վերջերին, սակայն գյուղի` հեռու լինելու պատճառով դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: