Բողոքի ակցիաների կոչեր՝ ընդդեմ Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադարձնելուն
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է 8 տարի առաջ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող մի ծրագրի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան վերադարձնելու և ներում շնորհելու հարցը: Մասնավորապես ակտիվ քննարկումներ են ծավալվել Facebook սոցիալական ցանցում: Արդեն իսկ մի քանի խմբեր և նախաձեռնություններ են բացվել, որոնցում կոչ է արվում դուրս գալ փողոց և բողոք հայտնել այս անարդար որոշման դեմ:
Օրինակ, «Հայազն» միությունը վաղը՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին բողոքի ակցիա է կազմակերպելու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առջև: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Facebook սոցիալական ցանցի ՝«Բողոքի ցույց ՀՀ ԱԳՆ-ի դիմաց» խմբից:
Խմբում «Հայազն միությունը» հայտարարություն է տարածել որտեղ ասվում է. «Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց, ու այնտեղ ներման արժանացավ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը: Այս ամենում իր մեղքն ունի հայկական կողմը, քանի որ տարիներ ի վեր ոչ պատշաճ ուշադրություն դարձնելով այս հարցին, այսօր արդեն իսկ անզոր է որևէ բան փոխելու: Վաղը` սեպտեմբերի մեկին, ժամը 12-ին, տեղի կունենա հավաք ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, որտեղ կներկայացվի պահանջագիր Արտաքին գերատեսչության ղեկավարին: Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունագիրայի հյուպատոսարան, որտեղ տեղի կունենա բողոքի ու ցասման ակցիա»,-ասվում է «Հայազն» միության հայտարարության մեջ:
Մեկ այլ՝ «Բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց» նախաձեռնության անդամներն էլ կոչ են անում հավաքվել Երևանի Զաքյան փողոցում գտնվող Հունգարիայի հյուպատոսարանի դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ 8 տարվա ազատազրկումից հետո հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձվել է իր հայրենիք և ներում ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:










