Նոր մանրամասներ Ախթալայի միջադեպից. «մանկապղծության թեման» կրկին արդիական է
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, երեկ Ախթալայում գտնվող իր տան վրա հարձակման և քրեական միջադեպի հաջորդ դրվագների ժամանակ եղել է Երևանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Մելքոնյանը՝ տեղեկացնելով, որ Խաչիկյանների ընտանիքի անդամները չեն տուժել, քանի որ «հասցրել են թաքնվել»:
Իսկ այսօր ողջ գիշեր ոստիկանությունը հերթապահել է ինչպես Ախթալայի քաղաքապետի, այնպես էլ այդ տան վրա հարձակում իրականացրած Արսեն Չիթչյանի բնակարանների մոտ:
Նշենք, որ ինչպես հաղորդում է այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել: Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ապա այն ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը, որտեղ ծեծի են ենթարկվել նրա մայրը, հայրը, տատը և քույրը:
Ախթալայի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ Խաչիկյանների տան վրա հարձակվողները եղել են երեքը՝ Արսեն Չիթչյանը, Ճոճկան գյուղի բնակիչ էդմոն Գիգոլյանը և Արսեն Չիթչյանի հորաքրոջ տղան՝ Շնող գյուղի բնակիչ Էդգարը:
Նշենք, որ ըստ «ՀԺ»-ի ՝ Չիթչյանների ընտանիքը և, անգամ ընտանիքի տատը՝ Բավական Չիթչյանը, ծեծի են ենթարկվել և լուրջ վնասվածքներ են ստացել:
Ի պատասխան հարցին, թե ովքե՞ր են Չիթչյանների տան վրա հարձակում իրականացրած անձինք, Գագիկ Մելքոնյանը նշեց. «Դե, բարեկամները իմացել են դեպքի մասին, Խաչիկյանների հորեղբոր տղաները գնացել են: Շատ բան չի եղել, մի երկու շուշա են ջարդել»:
Նշենք, որ որպես միջադեպի պատճառ նշվում է ինչ-որ մի տեսագրություն, որը, ըստ «ՀԺ»-ի՝ Խաչիկյանները ՏԻՄ ընտրություններում Չիթչյանի ակտիվության դեպքում սպառնացել են հրապարակել, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն մեղադրանքով, ինչի համար ազատազրկման դատապարտվեց կոմբինատի նախկին տնօրեն, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը (վերջինս մեղադրվեց մանկապղծության մեջ):
Ի պատասխան հարցին, թե Գագիկ Մելքոնյանին հայտնի՞ է նման տեսագրության մասին, վերջինս ասաց. «Ասում են կա, խոսում է ժողովուրդը»:










