Բերեզովսկի- Աբրամովիչ դատական վեճն այսօր կհանգուցալուծվի
Լոնդոնի դատարանն այսօր կկայացնի 2 ռուս օլիգարխներ Բորիս Բերեզովսկու և Ռոման Աբրամովիչի մի քանի մլրդ դոլարների գործով դատավճիռը, գրում է The Guardian-ը:
Ռուսաստանը լքած ու Լոնդոնում թաքնվող 66-ամյա Բերեզովսկին պնդում է, որ ժամանակին իր գործընկերը եղած Աբրամովիչը դավաճանել է իրեն և սպառնալիքների դիմելով` ստիպել վաճառել Sibneft նավթարդյունաբերական ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը` դրանց իրական արժեքից բավական ցածր գնով: Բերեզովսկու խոսքով` իր բաժնետոմսերի գինը եղել է 7 մլրդ դոլար, սակայն Աբրամովիչի ճնշման տակ դրանք վաճառել է ընդամենը 1.5 մլրդ-ով:
Այժմ Բերեզովսկին պահանջում է 4.8 մլրդ դոլարի և 564 ֆունտ սթերլինգի փոխհատուցում, սակայն Աբրամովիչը հերքում է իրեն առաջադրված բոլոր «ֆանտաստիկ» մեղադրանքները` նշելով, որ պարտք չէ Բերեզովսկուն:
Օլիգարխների այս գործը համարվում է մասնավոր անձանց ամենախոշոր դատական վեճը պատմության մեջ:










