Լոլիկներ՝ Հունգարիայի հյուպատոսարանի ուղղությամբ. բողոքի ակցիա Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

19:32 • 31.08.12

Այսօր, Երևանում Հունգարիայի հյուպատոսարան առջև, մի քանի տասնյակ երիտասարդներ ինքնաբուխ բողոքի ակցիա են իրականացրել՝ լոլիկներ նետելով հյուպատոսարանի ուղղությամբ և այրելով Ռամիր Սաֆարովի նկարը, ինչպես նաև հյուպատոսարանի վրա ծածանվող Հունգարիայի դրոշը պոկել և նետել են մի կողմ:


Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Քոչարյանը (բլոգեր Փիղը) ասաց, որ իրենց բողոքն ուղղված է ոչ թե ադրբեջանական նավթադոլարներին, այլ Հունգարական կառավարությանը, և նշեց, որ իրենց կարծիքով պետք է առաջին հերթին Հայաստանը ետ կանչի Հունգարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին:


«Բողոքի ակցիաներն այնքան են շարունակվելու, մինչև այս հարցը որևէ լուծում չստանա: Ես իմ կարծիքով պետք է ասեմ, որ ճիշտ կլինի նախ Հայաստանի դեսպանին Հունգարիայից հետ կանչել»,-նշեց Փիղը:


Հարցին, թե վերջինս ի՞նչ գնահատական կտա Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աշխատանքին, Փիղը նշեց, որ լավ կլինի ԱԳՆ-ն ինքն իրեն գնահատական տա: