ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում դռնփակը հասկացել են բառացի. դուռը բանալիով կողպված է
Այսօր առավոտյան ԱԺ էթիկայի հանձնաժողովը բառացիորեն՝ բանալիով կողպված դռների հետևում սկսել է իր աշխատանքները: Ինչպես հաղորդում է ԱԺ-ում գտնվող մեր թղթակիցը՝ հանձնաժողովի երբեմն-երբեմն ներսուդուրս անող անդամները ամեն դուրս գալուց ու ներս մտնելուց հետո դուռ բանալիով կողպում են:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք՝ Էթիկայի հանձնաժողովը օրակարգում ընդգրկված է երեք հարց՝ հանձնաժողովի կանոնակարգի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և հանձնաժողովի կանոնակարգի հաստատում, քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի քննության վերաբերյալ (զեկուցող՝ Դ.Հարությունյան) և քննարկում, թե հանձնաժողովը պե՞տք է վարույթ ընդունի ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի և Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ դիմում- բողոքը, որը ներկայացվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպությունը՝ DIY ակումբի պայթյունին հետևած պատգամավորների ելույթների կապակցությամբ:
Որ քննարկվելու է ոչ թե դիմումը, այլ այն վարույթ ընդունելու նպատակահարմարության հարցը, Tert.am –ի թղթակցին հայտնել է ինքը՝ Արծվիկ Մինասյանը, ով Էթիկայի հանձնաժողովի անդամ է:
Նշենք, որ սահմանված կարգով, պատգամավորը, ում հարցը քննարկվում է, դրան չպետք է ներկա լինի, և Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ իր հարցի քննարկման ժամանակ ինքը ևս կլքի 334 սենյակը:
Այսօր քննարկմանը ներկայացած Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») ևս միջանցք է հրավիրվել, սակայն խուսափել է իր տեսակետը ներկայացնել, մեր թղթակցին ասելով.«գնացե՛ք Զադոյանից, (դիմում-բողոքի հեղինակից) հարցրեք»:
Ապա Կարո Կարապետյանը մոտեցել է միջանցք դուրս եկած Արծվիկ Մինասյանին և ասելով՝ «ստից բան է», հավելել է. «մի գործ էլ Լֆիկի վրա են կապել (Սամվել Ալեքսանյանի ), դե էդ էլ կքննարկե՛ք»:
Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին ևս դիմում-բողոք էր ներկայացրել հանձնաժողով՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի գործողությունների: Խոսքը վերաբերում է այն միջադեպին, երբ Սամվել Ալեքսանյանի թիկնապահը հրել-գցել էր ԱԺ մուտքի մոտ «Ալեքսանյան խուլիգան» ցուցապաստառով կանգնած Վարդգես Գասպարիին, իսկ Ալեքսանյանն էլ ճմռթել-պատռել էր պաստառը:
Հետագայում Սամվել Ալեքսանյանը լրագրողներին մոտ մեկնաբանել էր, թե ցանկացել էր կարդալ, թե ինչ է գրված դրա վրա:










