ՀՀ վարչապետն ընդունել է «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը

11:45 • 31.08.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:


Ողջունելով հյուրերին վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»:


Իգոր Կորենևը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը մեր երկրում, ինչը կառավարության ղեկավարը ողջունել է և նշել, որ դա կնպաստի Հայաստանի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը:


Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:


Վարչապետ Սարգսյանը և Իգոր Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր: