Հացահատիկի էլիտար սերմերը բաժանելով՝ անունը դրեցին, թե գյուղացուն օգնում են. Լյովա Խաչատրյան

09:40 • 31.08.12

Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում հացահատիկի բերքն այս տարի շատ վատ է: Պատճառը ներկրված էլիտար սերմերն են, որոնք չարդարացրեցին իրենց. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:


Պատգամավորը, ով մշտապես գյուղացիների խնդիրներն է բարձրաձայնել, նկատում է, որ այդ հացահատիկի սերմերը բաժանելով՝ անունը դրեցին, թե գյուղացուն օգնում են, մինչդեռ նրա պնդմամբ՝ դա չլսված բիզնես էր: «Դա ուղղակի 200 տոկոս շահութաբերությամբ բիզնես է, որի սերմն էլ բանի պետք չի: Գյուղացիները մեկին մեկ բերք չեն ստացել և ամբողջ դաշտը խոտի տեղ են քաղել: Դա էլ քաղում են, որպեսզի ասեն, որ տերը չի մեռել: Հիմա նրանց պարտադրում են մեկին մեկ սերմը վերադարձնել: Նման բան չկա, որ գարնանը սերմ տան և աշնանը մեկին մեկ ստանան: 180 % շահութաբերությամբ ինչ-որ գործարք է տեղի ունեցել: Գոնե եթե բերքը լիներ, կարելի էր դրա դեմ աչք փակել»,- ասաց նա:


Լյովա Խաչատրյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարության պատճառաբանությունները, թե երաշտ էր, մանկական խոսակցություններ են: «Իրար կողքի գտնվող երկու դաշտում ցանած ցորենից մեկը հին սերմով էր, մյուսը՝ ստացած էլիտար սերմերով: Արդյունքում, չգիտես ինչու, երաշտը հին սերմով ցորենի վրա չազդեց, իսկ նորի վրա ազդեց: Էլիտար սերմերի հետ կապված պարզաբանումներ պետք է տան: Ակնհայտ էր, որ դրանք կամ էլիտար չէին, կամ էլ մեր տեղանքին չէին համապատասխանում»,- ասաց նա և ենթադրեց,որ սա ևս մեկ քայլ էր գյուղացուն կերակրողից դարձել սպառող:


«Գյուղացին ինչ կարա անի, պիտի վերանա, այն ինչ հիմա լինում է. թողնի իր հողը և հեռանա: Ժամանակին նա էր կերակրում քաղաքը, այսօր ինքն է շուկայից սնվում»,- իր զայրույթը հայտնեց պատգամավորը:


Ըստ նրա, գյուղացին ստիպված է նման գործարքի գնալ, քանի որ անհուսալի վիճակում է. «Նենց վիճակի են հասել, որ նույնիսկ սերմ չունեն»,-ասաց նա և նշեց, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, նա ԱԺ-ում կբարձրաձայնի խնդրի մասին, բայց միաժամանակ խոստովանեց, որ դրանից հույս չունի: «Դրանից ի՞նչ օգուտ: Ոչ մի պատասախան էլ չենք ստացել: Նախորդ անգամ էլ գյուղատնտեսական լսումների ժամանակ մի շարք հարցեր բարձրացրեցի, որ նախարարությունը վերահսկի ի՞նչ սերմ է մտնում, ի՞նչ պարարտանյութ է մտնում, ի՞նչ գնով է իրացվում, արդյունքում որտեղ նստել էինք, այնտեղ էլ իջանք ու այդպես էլ մնաց»,-ասաց նա:


Մեր հեռախոսային խոսակցության ժամանակ պատգամավորը հավատացրեց, որ իր հարազատ Ապարանում է և բերքահավաքին է մասնակցում. «Հենց հիմա կոմբայնի կողքը կանգնած եմ, քաղ են անում, ել էլ նայում եմ, մարդիկ ինչ բերք են ստացել: Հաճար են քաղում, հաճարը մի քիչ «կապրիզնի» բույս է և այս տարի, կարծես թե, լավ է ստացվել»,-ասաց նա: Ըստ պատգամավորի, այս տարի բոլորը սկսել են հաճար ցանել, քանի որ հաճարը թանկ է, մինչդեռ նրա խոսքով՝ եթե այս տարի չծախվի , եկող տարի քիչ կցանեն: Նման խնդիրներից խուսափելու համար նա առաջարկել էր խմբեր աշխատեն, որոնք գյուղատնտեսական խորհուրդներ կտան գյուղացիներին, թե ինչ ցանեն, որքան, որ տարածքում, որպեսզի իրար վրա չկուտակվի, մի բերքը շատ լինի, մյուսը քիչ:


Անդրադառնալով մրգի առատ բերքին, Լյովա Խաչատրյանը նշեց, որ շատ բերքն էլ Հայաստանում խնդիր է, քանի որ առատ բերքի դեպքում գյուղացին ավելի քիչ եկամուտ է ունենում: «Այս տարի դեղձը, ծիրանը շատ էր, որն էլ իր խնդիրներն առաջ բերեց, կամ չեն ընդունում կամ էլ շատ էժան էին ընդունում, խաղողի բերքն էլ լավ է: Մեր պարագայում դա նորմալ չէ, երբ քիչ է լինում, կարողանում են իրացնել բարձր գնով, շատ է լինում, նույնիսկ էժան գնով չեն կարողանում իրացնել: Բնական է, որ արտահանումը լիիրավ չի կազմակերպվում և որակյալ մրգերը թափվում են գետնին»,-ասաց նա:


Այս դեպքում գյուղատնտեսությամբ մտահոգ պատգամավորի խորհուրդն այս մարդկանց մեկն է, հասցնել օղի թորել: «Ես որքան մարդկանց գիտեմ, ինձ հարցնում են, ի՞նչ անեմ, ասում եմ գոնե օղի թորեք»: