Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների

21:08 • 31.08.12

Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, տեղեկացնում են Արտգործնախարարության մամուլի ծառայությունից:


Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշել է անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորել Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:


Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորել են երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկել են համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:


Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:


Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:


Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրներին:


Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Նախարարներն անդրադարձել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների: