Պենտագոնը կարող է դատի տալ բին Լադենի ոչնչացման գործողության մասին գրքի հեղինակին

12:31 • 31.08.12

«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բին Լադենի ոչնչացման օպերացիային նվիրված աշխատության հեղինակ, ոչնչացման գործողության մասնակից Մարկ Օուենը (կեղծանունն է) խախտել է տեղեկություններ չհրապարակելու մասին պայմանավորվածությունը, ինչի համար ԱՄՆ ռազմական գերատեսչությունը (Պենտագոն) նրան կարող է կանգնեցնել դատարանի առաջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


«Ոչ հեշտ օր» վերնագրված գիրքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի սեպտեմբերի 4-ին, չնայած որոշ օնլայն- խանութներում այն արդեն վաճառվում է: Սկզբնապես այն պետք է գրախանութներում հայտնվեր սեպտեմբերի 11-ին` համաշխարհային պատմության ամենամասշտաբային ահաբեկչությունների իրականացման օրը, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն վաճառասեղաններին կհայտնվի մի քանի օր շուտ:

  

Իր գրքում հեղինակը հերքել է այն տեղեկությունը, որ թիվ մեկ ահաբեկչին ոչնչացրել են ամերիկացի հատուկջոկատայինները: Նա նշել է, որ մինչ իրենց ներխուժումը թաքստոց, ահաբեկիչն արդեն վիրավոր էր: Նա չի բացառել ինքնասպանության վարկածը:
 

Նշենք, որ բին Լադենի օպերացիան անցկացվել է նախորդ տարվա մայիսին, Պակիստանում: