Սաֆարովին ներում շնորհելն ապացուցում է, որ Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունն ու ֆաշիզմը. Է. Շարմազանով

16:24 • 31.08.12

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ադրբեջանի քաղաքացի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի իշխանությունների քայլը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, տարակուսանք է առաջացնում, իսկ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելը վկայում այն մասին, որ Ադրբեջանում խրախուսվում է հայատյացությունը և ֆաշիզմը։


«Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք և վրդովմունք է առաջացնում, քանի որ պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


«Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և պետք է դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,-ասաց նա:


Խոսելով այս հարցում Հայաստանի գործնական քայլերից՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է միջազգային ատյաններում իրականացնել նախաձեռնող քաղաքականություն:


«Մենք բոլոր դիվանագիտական խողովակներով, պառլամենտական կապերով, հասարակական կազմակերպությունների միջոցով բոլոր ոլորտներում շարունակելու ենք իրականացնել նախաձեռնող քաղաքականություն և ցույց ենք տալու, որ Ադրբեջանն այսօր՝ ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, որը նույնպես առաջնորդվում է ժողովրդավարության սկզբունքներով, որտեղ չկա այլատյացության քարոզչություն, պետական մակարդակով խրախուսում է հանցագործներին և իրականացնում ֆաշիզմի քաղաքականություն»,– ասաց նա:


Էդուարդ Շարմազանովի համար ենթադրելի է այն ճանապարհները, որոնց միջոցով Ադրբեջանին հաջողվեց վերադարձնել Սաֆարովին։


«Կարծում եմ, ճանապարհները բոլորիս համար էլ պարզ են, Ադրբեջանն այս տարիների ընթացքում երկու ճանապարհով է փորձում իր նպատակներն իրականացնել, մեկը ստի, կեղծիքի ու դիվերսիայի պրոպագանդման քաղաքականությունն է, մյուսը՝ ադրբեջանական անորակ նավթի քաղաքականությունը: Այլ հարստություն Ադրբեջանը չունի»,-նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը: